Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Աստված երբեք սուտ չի խոսում

Աստված երբեք սուտ չի խոսում
12.03.2022 | 11:19

«Ու՞ր է, մա՛հ, քո հաղթությունը, ու՞ր է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15;56):

Ի՞նչ է Մահը: Որտեղի՞ց այն ի հայտ եկավ: Որոնք են նրա դրսևորման կերպերն ու սահմանները:


Աստված ստեղծեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում: Մարդը ողջ արարչության իշխանն էր, միայն մեկ բան էր արգելված նրան՝ ճաշակել «Բարու եւ չարի գիտության ծառից»: Աստված ինքը մարդուն զգուշացրել էր, որ արգելված ծառից կերած օրը մահկանացու կդառնա: Սակայն մարդը համարձակություն ունեցավ կասկածի տակ առնել Աստծո խոսքը. օձի` Սատանայի դրդմամբ կերավ այդ պտղից, Աստված փակեց նրա առջև Կենաց ծառի ճանապարհը, և մարդը դարձավ մահկանացու, որովհետեւ Աստծո դրած իրավունքը խախտեց: Նա անիրավություն գործեց, և դա համարվեց մեղք: Մեղքը մտավ աշխարհ, և այդ մեղքով էլ` մահը, և մահը տարածվեց Ադամի ողջ սերնդի վրա:
Տարբերակում ենք ֆիզիկական, հոգևոր, ժամանակավոր և հավիտենական մահ:
Մարդը միայն մարմին չէ, այլ միաժամանակ հոգի է և շունչ: Ֆիզիկական մահը այն է, երբ մարմինը զրկվում է հոգուց, շնչից և դադարում է գործելուց: Մարդու ֆիզիկական մարմնի մեջ, մեղանչելու պահից, սկսեց ներգործել մահվան օրենքը, որի ազդեցությունը մարդուն հասցնում է վերջնական մահվան:


Մահը ֆիզիկապես և հոգեպես ոչնչացում չէ. մահը կյանքի մերժումն է, սակայն կյանքի վախճանը չէ. «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհ. 6;64): ֆիզիկական մահը հոգու բաժանումն է մարմնից, իսկ հոգևոր մահը` հոգու բաժանումն է Աստծուց՝ կյանքի աղբյուրից, Նրա սրբությունից: Այսինքն, մահը անցում չէ գոյության վիճակից չգոյության վիճակի, այլ ժամանակավոր կամ հավիտենական բաժանում է Աստծուց կամ մեր սեփական մարմնից, այնպես, ինչպես կյանքը միացում է ու միություն Աստծո հետ: Աստված ասել էր Ադամին, որ ծառի պտղից ուտելուն պես կմահանա: Խոսքը վերաբերում էր ոչ միայն ֆիզիկական մահին, որը վրա հասավ աստիճանաբար, այլև՝ հոգևոր մահին, որը անմիջապես հաջորդեց նրանց գործած մեղքին, քանի որ Ադամն ու Եվան հոգևորապես կտրվեցին Աստծուց և զրկվեցին իրենց սեփական աստվածակերպ բնությունից:


Ադամի անհնազանդությամբ նաև նրա սերնդի՝ ողջ մարդկության վրա տարածվեց մահը: Այսպիսով, Ադամի սերունդը հոգևորապես մեռած է` զրկված աստվածային կյանքից, սակայն Աստված դեռ մարդու հետ է` նրան վերադարձի հնարավորություն տալով: «Եւ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու հանցանքների մեջ, որոնցում մի ժամանակ ընթանում էիք՝ ըստ այս աշխարհի սովորության՝ հնազանդվելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մեջ» (Եփես. 2; 1 -2):

«Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, Իր մեծ սիրով, որով սիրեց մեզ, մինչ մեռած էինք մեր մեղքերի մեջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով» (Եփես. 2;4-5): Ամենասարսափելին հավիտենական մահն է, որը Սուրբ Գրքում կոչվում է հոգևոր երկրորդ մահ` հավիտենական բաժանում Աստծուց հավիտենական տանջանքի վայրում. «Նրանց պատիժը պիտի լինի հավիտենական կործանումը՝ հեռու Տիրոջ ներկայությունից եւ նրա փառավոր զորությունից» (Բ Թեսաղ.1; 9). «Իսկ գալով ծույլերին ու անհավատներին, ոճրագործներին եւ պոռնիկներին, կախարդներին եւ կռապաշտներին, հմայողներին եւ բոլոր ստախոսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով եւ հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է» (Հայտ. 21): Սակայն Աստված երկրի վրա ֆիզիկապես ապրող հոգևորապես մեռածներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու կյանքը` Աստծո հետ հաշտվելու և Նրա ներկայության մեջ մնալու համար: Այդ հնարավորությունը կոչվում է հարություն:


Հարություն՝ նշանակում է վերակենդանացում մեղքի մահից: Ինչպես մահը, հարությունը ևս լինում է ֆիզիկական կամ հոգևոր, հարություն ժամանակավոր կամ հավիտենական կյանքի համար: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս շատ մարդկանց հոգևոր և ֆիզիկական հարություն տվեց, քանի դեռ այս աշխարհում էր. այրի կնոջ որդուն, Հայրոսի աղջկան, Իր բարեկամ Ղազարոսին, իսկ օրենսգետ Նիկոդեմոսը, մաքսապետ Զակքեոսը հոգևոր հարություն ստացան: Սակայն նրանք նորից մահացան: Մեռելների հավիտենական հարության մասին գաղափարը դեռևս հիշատակվում է Հին Կտակարանում: Աստված իր մարգարեներին և ծառաներին տեղեկացրել էր, որ իր ծրագրի մեջ որոշված ժամանակ կա մեռելների հարության համար: «Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով: Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը: Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին: Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդյոք կկենդանանա՞ն այդ ոսկորները»: Ես ասացի. «Տե՛ր Աստված, այդ Դու գիտես»:

Եւ Տերը խոսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայելի ամբողջ տունն են:

Ուստի մարգարեացի՛ր ու ասա՛ դրանց.-Այսպես է ասում Տեր Աստված. «Ահա Ես բաց եմ անելու ձեր գերեզմանները եւ հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ Իմ ժողովուրդ: Տանելու եմ ձեզ Իսրայելի երկիրը: Իմ հոգին տալու եմ ձեզ, եւ դուք կենդանանալու եք: Ձեզ դնելու եմ ձեր երկրում, եւ դուք պիտի իմանաք, որ Ես եմ Տերը: Ասացի ու կատարելու եմ» (Եզեկ. 37;1-3,11-14):

«Իսկ դու արի հանգստացի՛ր, որովհետեւ տակավին օրեր ու ժամեր կան մինչեւ վախճանի կատարումը. դու կհանգչես եւ վեր կկենաս քո ժամանակին, օրերի վերջում» (Դան.12; 13): Եվ այս ծրագիրը ավելի բացահայտ հիշեցվում է Նոր Կտակարանում: Պողոս առաքյալը այսպես է մեկնում Աբրահամ Նահապետի հավատը Աստծո ամենազորության նկատմամբ. «Աբրահամը իր մտքում մտածեց, թե Աստված կարո՛ղ է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին: Ուստիեւ, որպես նախօրինակ այդ բանի, նա հետ ստացավ իր որդուն» (Եբր.11; 13,19):

Հին Ուխտի բոլոր սրբերը մեռան նույն հավատի մեջ «դեռեւս խոստումները չստացած. բայց հեռվից տեսան այդ խոստումները եւ ցնծացին ու խոստովանեցին, թե իրենք օտար եւ պանդուխտ են երկրի վրա»: Նրանց անմահ հոգիները հարուցյալ գալիքի տենչանքով են հանգրվանել երկնային լուսե խորաններում: Եվ սրբերի մահը՝ որպես այդպիսին, մահ չէ, քանզի նրանք կենդանի են Կյանքի Արարչի համար: Սրբերի համբերությունն ու հավատը վկայում են, որ մեռելների հարություն գոյություն ունի, որովհետև, եթե մեռելների հարություն չլիներ, բնականաբար Աստված չէր կարող իր խոստումը կատարել, ուստիև սուտ խոսած կլիներ: Սակայն Աստված երբեք սուտ չի խոսում, թեև Բանսարկուն կարողացավ հակառակը համոզել առաջին մարդուն և շարունակ փորձում է համոզել նաև նրա սերունդներին: Հարության գաղափարն ինքնին մխիթարում է կյանքը սիրող մարդուն, սակայն հարությունն իր էությամբ տարբեր է արդարների և մեղավորների համար. արդարների համար այն հավիտենական կյանք և երանություն է, այնինչ մեղավորների համար՝ հավիտենական մահ ու տառապանք. «որովհետեւ կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը եւ դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել՝ կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել` դատաստանի հարության համար» (Հովհ. 5: 28; 29):


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 7112

Մեկնաբանություններ